Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

4Car.am-ն ունի արդեն ավելի քան 50 հազար օգտագործող

03.09.2015

4Car.am-ն ունի արդեն ավելի քան 50 հազար օգտագործող


4car.am-ը Հայաստանի ամենամեծ վարորդական հարթակն է, որն իր օգտատերերին  առաջարկում է այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և  օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, օնլայն  ընդարձակ ավտոշուկա, ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և  օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով,  երթևեկությանն առնչվող օրենքներն ու կանոնները և այլն:


2015թ.-ից 4car.am-ն իր գործունեությունը տեղափոխել է Գյումրի, ուր վերջին տարիներին  զարգացում ապրած ՏՏ միջավայրը և համապատասխան բարձակարգ մասնագետների առկայությունն առաջարկում են նոր և բացառիկ հնարավորություններ ընկերության առաջընթացի համար: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ընկերությունը հիմնականում աշխատում է հարթակի տեխնոլոգիական որակի բարելավման, նոր ֆունկցիաների ամրապնդման և օգտատերերի բազայի ընդլայնման ուղղությամբ: Ընկերությունը Գյումրիում ունի 5 աշխատակից, որոնցից 3-ը գյումրեցիներ են: 4car.am-ի ստեղծման պատմությունը, հետագա զարգացումները ներկայացրեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Եղիյանը:


— Ինչպե՞ս առաջացավ միտքը ստեղծելու նման ընկերություն։ 


— 4car.am-ը ստեղծվել է 2012թ. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից: Հարթակի հեղինակները, մշտապես խնդիրներ ունենալով կապված իրենց ճանապարհատրանսպորտային խախտումների ծանուցումները ստանալուև մեքենայի համար տարբեր ծառայություններ գտնելու հետ, պարզապես որոշեցին ստեղծել կայք, ուր բոլոր վարորդները կարող են գրանցվել, ստանալ մոբայլ ծանուցումներ խախտումների մասին՝ խուսափելով դրանց կուտակումներից ու տուգանքներից, և տարբեր տեղեկություններ ու խորհուրդներ փոխանակել: Մենք մտածեցինք, որ եթե ստեղծենք կայք, որը մեզ օգնում է լուծել մեր խնդիրները, ապա այն նույնքան օգտակար կլինի նաև մեքենա ունեցող այլ մարդկանց համար, և կարող է հաջողված ծրագիր դառնալ:


Գործարկումից ընդամենը երեք տարի անց 4car.am-ը ոչ միայն լիարժեք հասել է իր նախնական նպատակներին, այլև դարձել է Հայաստանի ամենամեծ և ամենարագ աճող կայքը, որում արդեն գրանցված են ավելի քան հիսուն հազար վարորդներ, և ամեն օր հարյուրավոր նորերն են գրանցվում: Ստեղծման սկզբնական շրջանում հարթակն ընդամենը շփման օղակ էր վարորդների միջև: Օրինակ, այլ անձի ավտոտնակի մուտքը փակած մեքենայի վարորդին ժամերով սպասելու փոխարեն, կարելի է պարզապես բջջային հաղորդագրություն ուղարկել այդ մեքենայի պետհամարանիշով և վարորդն անմիջապես կստանա ձեր «Խնդրում եմ մեքենան այլ տեղ կայանել» բջջային հաղորդագրությունը, իհարկե, եթե երկու վարորդներն էլ գրանցված են 4car.am-ում:


Սակայն այդքանով բավարարվել չէր կարելի, պետք էր ընդլայնել ծառայությունները: Բարեբախտաբար, թե պետական մարմինները՝ ճանապարհային ոստիկանությունը, քաղաքապետարանը, թե մասնավոր ընկերությունները՝ բջջային օպերատորները, դիլերները և այլն, ոգևորությամբ արձագանքեցին համագործակցության մեր առաջարկին, հստակ հասկանալով այն առավելությունները և հարմարավետությունը, որը կայքն առաջարկում է վարորդական հանրությանը տեղեկություններ և ծառայություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն, հարթակն իր ծառայությունների շրջանակն անհամեմատ մեծացրել է, առաջարկելով այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, պաշտոնական Carfax համակարգ, որի միջոցով ավտոգնորդները կկարողանան ստուգել գնվող մեքենայի պատմությունը, օնլայն ընդարձակ ավտոշուկա ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու ակտերը և այլն: 


– Այս տարի Դուք դարձել եք Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկը: Ի՞նչ է տվել մրցույթը Ձեզ և առաջիկայում ի՞ նչ զարգացումներ են սպասվում ընկերությունում: 


– Մրցույթին հաղթելը երկակի կարևորություն ունեցավ 4car.am-ի համար: Նախ սա հիանալի հնարավորություն էր համեմատական անցկացնելու ՀՀ-ում գործող այլ առաջնակարգ ու մրցունակ ստարտափների հետ, արժանանալու երկրի ամենաառաջադեմ մասնագետների և ներդրողների վստահության, և այդպիսով մեկ անգամ ևս վավերացնելու մեր ընկերության ձեռքբերումները և առաջընթացը: Երկրորդ՝ մրցույթի արդյունքում տրամադրվող դրամաշնորհը արագ և լայնածավալ քայլերի հնարավորություն է ստեղծում, ինչը մինչ այս անհնար էր:Մենք արդեն սկսել ենք աշխատանքները նոր և կարևորագույն ֆունկցիաների ներդրման ուղղությամբ, որոնք ոչ միայն կհեշտացնեն կայքից օգտվելը, այլև կամբողջականացնեն մեր ծառայությունների բազան: Ամենամոտ ապագայում մեր օգտատերերը կկարողանան օնլայն ստանալ և վճարել իրենց մեքենաների գույքահարկերը: Ներկայումս նաև աշխատանքներ են տարվում Փարքինգ Սիթի Սերվիս ընկերության հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ, որի արդյունքում մեր օգտատերերը կկարողանան օնլայն և մոբայլ ստանալ կայանատեղիների խախտումներն ու վճարել դրանք: Նման ծանուցումները, չնայած դրանք պաշտոնական չեն համարվում և չեն փոխարինում թղթային ծանուցումներին, սակայն հնարավորություն են տալիս շատ ավելի շուտ իմանալ խախտումների մասին և խուսափել ավելորդ կուտակումներից ու տուգանքներից: Լիակատար փոփոխության կենթարկվի նաև կայքի դիզայնը՝ այն կներկայանա օգտատերերին առավել հարմարավետ և կազմակերպված տեսքով: Դրամաշնորհը նաև հնարավորություն է տվել մի շարք գործողություններ ձեռնարկել շուկայի ընդլայնման ուղղությամբ՝ բարձրացնելով ինչպես նոր օգտատերերի ներգրավման տեմպերը, այնպես էլ կայքի հաճախելիության և օգտագործման ցուցանիշները: 


– Ըստ Ձեզ՝ Հայաստանում սկսնակ ըկերություններին տրամադրվո՞ւմ է անհրաժեշտ աջակցությունը, թե ոչ


- Այո տրամադրվում է, մասնավորապես ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին պետությունը տրամադրում է մի շարք կարևոր հարկային արտոնությունները, որոնք էապես հեշտացնում են գործունեությունը և հավելյալ հնարավորություն ստեղծում գործունեության սկզբնական ու ամենադժվար շրջանում ձախողումից խուսափելու և որոշակի կայունության հասնելու համար:  


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) ներկայումս տեղակայված են և ակտիվ գործունեությունն են ծավալում տեխնոլոգիական ոլորտի շուրջ 20 կազմակերպություններ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

 

Աղբյուրը՝ ittrend.am լրատվական կայք




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ