Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

10.11.2016


Պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը 


Նոյեմբերի 10-ին կայացավ ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսի և IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր ՀՀ կառավարությունից, IBM-ից, ԱՄՆ ՄԶԳ-ից, ինչպես նաև ավելի քան 100 ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և բիզնես ոլորտներից: 


Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:  


Կենտրոնը գործունեություն է ծավալում 2014 թվականից՝ հիմնական մասնաշենքի կառուցմանը զուգահեռ։ Այժմ, արդեն տեղակայված լինելով Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում, կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM  տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնն առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու  հնարավորություն: 


‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հետամուտ լինելով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը, ինովացիոն միջավայրի ձևավորմանը, որակյալ կադրերի վերապատրաստմանը, հետևողականորեն նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ռազմավարական ծրագրեր: Մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ ISTC կենտրոնի հիմնումն է, որի շնորհիվ Հայաստանի համար մատչելի կդառնա միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, կվերապատարստվեն շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ ՏՏ մասնագետներ և տեղական ընկերությունների համար կստեղծվի գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն››,-նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


ISTC-ին ուսանողներին և դասախոսական կազմին տրամադրում է նորագույն ծրագրային և տեխնիկական ապահովում, ինչպես նաև կրթական նյութեր հետազոտական աշխատանքների և դասընթացների իրականացման համար։ Մինչ այժմ ավելի քան 100 դասախոս և 1500 ուսանող ՀՀ 9 բուհերից անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ իրենց կրթական ծրագրերի բարելավման համար։ Նոր մագիստրոսական ծրագրեր են մշակվել գերժամանակակից ուղղություններով, որոնք կգործեն ՀՀ տարբեր բուհերում մյուս ուսումնական տարվա ընթացքում։ 


‹‹Ես հպարտ եմ, որ այս յուրահատուկ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկի` հայ երիտասարդների կրթությանը: Մասնավոր հատվածի և համալսարանների միջև համագործակցությունը ստեղծում է տնտեսական հնարավորություններ Հայաստանի երիտասարդների համար››,- ասաց դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ: 


Դեսպան Միլսը նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը վաղուց ի վեր համարվել է առաջնահերթ ուղղություն ԱՄՆ-ի համար: ‹‹ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցությունը Հայաստանի ՏՏ ոլորտին մեկնարկել է մեկ տասնամյակ առաջ: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր դեր է խաղացել ամուր և կենսունակ ՏՏ ոլորտի համար կայուն հիմնաքար ստեղծելու գործում: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի կարևորագույն ձեռքբերումներից ենք մենք համարում››,-հավելեց դեսպանը: Դեսպանը նաև կարևորեց Կենտրոնի դերակատարումը հայկական ու ամերիկյան բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությունը խթանելու հարցում: 

 



IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը նշեց, որ ISTC-ի առաջարկված գիտակրթական մոդելը լավագույն փորձերից է, և մոտ ապագայում կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանային համագործակցության համար։   Վերջինս անդրադարձավ այն փաստին, որ Հայաստանում Ամերիկյան Համալսարանը և Երևանի Պետական Համալսարանը ընդգրկվել են IBM հատուկ համագործակցության համալսարանների ցանկում, և վերջիններիս ընձեռվել է յուրահատուկ հնարավորություն՝ օգտվելու IBM կրթական ռեսուրսից իրենց անձնական ամպային հանգույցից՝ հասանելի միայն տվյալ համալսարանի ուսանողներին և դասախոսներին։ 


Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական և գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առևտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն և ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաև ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանամկան այցելություններ կատարել: 


ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկեց ‹‹Ավելի խելացի Հայաստան 2016›› հեքեթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ