
ԱրմԹեք Կոնգրեսը Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի բարձր
տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով: Ամենամյա համաժողովը հանդիսանում է նաև գործարար կապերի ամրապնդման հարթակ, որը հնարավորություն է ընձեռում քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, ինչպես նաև համաշխարհային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:
ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող համաժողովը կազմակերպվում է ՀՀ Կառավարության կողմից՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Համաժողովը լուսաբանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական հարցերը և խթանում է բուհերի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, արտասահմանյան ներդրողների ու պետական մարմինների միջև միջազգային համագործակցությունը, ինչը թույլ կտա կարևոր դիրք զբաղեցնել համաշխարհային ազատ, դինամիկ շուկայական տնտեսությունում:
ԱրմԹեք Կոնգրեսը հիմնադրվել է 2007թ. տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից: Համաժողովը կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը և նպատակ ունի խթանել մասնագիտական առաջընթացը Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում ու տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացումը: ԱրմԹեք Կոնգրես’07-ը տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովն էր, որը տեղի ունեցավ 2007թ. հուլիսին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ ԱրմԹեք Կոնգրես’07-ին հաջորդել են ԱրմԹեք Կոնգրես’08-ը Երևանում և ԱրմԹեք Կոնգրես’09-ը ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաքում:
Անցած համաժողովները հնարավորություն են ընձեռել ԱՄՆ-ից, Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարական ներկայացուցիչներին հանդես գալ տեխնոլոգիական ձեռքբերումների և ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով և շնորհանդեսներով և մշակել նախադրյալներ հետագա զարգացման համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ԱրմԹեք Կոնգրես\'12 գլոբալ համաժողովը կայացավ 2012թ. դեկտեմբերի 10-11-ը Ստենֆորդի համալսարանում, Սիլիկոնյան Հովիտ, ԱՄՆ` հյուրընկալելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, կրթական և տեղեկատվական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, ԱՊՀ և այլ երկրներից:
Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք` www.armtechcongress.com