Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Դրամաշնորհային 3 ծրագրերի հաղթողներն արդեն հայտնի են

16.02.2015


Դրամաշնորհային 3 ծրագրերի հաղթողներն արդեն հայտնի են


6 թիմ և ընկերություն հնարավորություն ստացավ իրականություն դարձնելու իր ինովացիոն և տեխնոլոգիական նախագծերը՝ հաղթելով փետրվարի 13-14-ը կայացած համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում՝ Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներում: Միջոցառումը կազմակերպել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը:


«Այս տարի առաջին անգամ կազմակերպվող Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները հետաքրքիր փորձ էին մեզ համար՝ մարզերում նոր մշակույթ ձևավորելու, բիզնեսի զարգացումը խթանելու, աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից: Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում այս մոդելը կկիրառենք հաջորդ տարիների ընթացքում և այլ մարզերում նույնպես՝ ցույց տալով երիտասարդներին, ներդրողներին մեր երկրում առկա հնարավորությունները»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


Գյումրու համաֆինասնավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթեցին և 85% համաֆինանասավորում ստացան «LoginEye» և «Գյումրիում անիմացիայի ընկերության հիմնում» նախագծերի հեղինակները:  


«Մեր կողմից ներկայացվող տեխնոլոգիան` LogInEye-ը, հանդիսանալով մարդ-համակարգիչ փոխգործակցության միջոց, ապահովում է նոր մակարդակ ծածկագրերի պաշտպանության ծառայությունների ոլորտում: Հետևելով մարդու աչքերի տեղաշարժին՝ հավաքագրվում են տվյալներ, որոնց ամփոփման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է որևէ սարքի կամ հաշվի հասանելիությունը, ընդ որում տեխնոլոգիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միայն պարզ վեբ-տեսախցիկ»,- ներկայացրեց «LoginEye» նախագծի հեղինակներից Հովհաննես Սարգսյանը:   


«Գյումրիում անմիացիայի ընկերության հիմնում» նախագծի հեղինակները Գյումրիում կհիմնեն եռաչափ անիմացիայի և թվային վիզուալ էֆեկտների ուղղությամբ աշխատող ընկերություն: Այն առաջարկելու է ոլորտի արտապատվիրման շուկայում սուղ առաջարկ հանդիսացող գին/որակ հարաբերություն՝ ներառելով հայկական շուկայի համար նոր հանդիսացող ծրագրային փաթեթներով (Maya, Nuek և այլ), որոնց պահանջարկն այժմ բարձր է օտարերկրյա՝ հատկապես ԱՄՆ շուկայում, որի վրա կենտրոնանալու է ընկերությունը:


Նախագծերը բարելավելու, ավելի իրատեսական դարձնելու և դրամաշնորհի հաջորդ փուլին դիմելու համար՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Գյումրիի մյուս մասնակից թիմերի համար կիրականացնի աջակցման նոր ծրագիր՝  տրամադրելով համատեղ օգտագործման (co-working space) անվճար աշխատասենյակ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում։ Աշխատասենյակում կարող են տեղակայվել յուրաքանչյուր թիմից առավելագույնը 3 հոգի՝ ընդհանուր առմամբ շուրջ 6-7  թիմ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր առանձին աշխատասեղանը և գործունեության համար անհրաժեշտ այլ իրեր։ 2015 թվականի ընթացքում նման հնարավորություն կստեղծվի նաև Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում: 


Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհը կօգնի իրականություն դառնալ «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և արտադրություն» և «Հակակոռոզիոն ավտոմատ կայան» նախագծերին՝ 85% համաֆինանասավորմամբ: 


Ներկայացնելով «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և ատադրություն» նախագիծը՝ հեղինակներից Արկադի Խիթարովը նշեց, որ նոր մրցունակ ճշտիչ ստեղծելու համար իրենք որոշել են նախագծման համար օգտագործել “Texas Instruments” ֆիրմայի նորագույն MSP430FR6989 կոնտրոլերը, որը կառուցված է նորագույն FRAM տեխնոլոգիայով, ունի ռեկորդային բարձր ցուցանիշներ էներգայի օգտագործման հարցում և օժտված է հուսալիության բարձր աստիճանով:


«Հակակոռոզիոն ավտոմատացված կայան» նախագծի միջոցով նախատեսվում է ստեղծել հատուկ ներգետնյա կառույցների մատակարարման կայան, որը կապահովի ներգետնյա կառույցների՝ միագիծ և բազմագիծ գազանավթամուղների, պոմպակայանների և կոմպրեսորային կայանների և այլնի, պաշտպանվածությունը կոռոզիայից՝ դրանով իսկ նպաստելով այդ կառույցների երկարակեցությանը, հուսալինությանն ու արդյունավետության բարձրացմանը:


Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրում հաղթող ճանաչվեցին «Skycryptor» և «SoloLearn» նախագծերը՝ ստանալով 50% համաֆինանասավորում:


«Մեր արտադրանքն իրենից ներկայացնում է ամպային պահոցների համար նախատեսված միջանկյալ կապուղի, որը թույլ է տալիս օգտատերերին պահել իրենց տվյլանեը գաղտնագրված տեսքով, ինչի շնորհիվ ոչ մի երրորդ կողմ, ներառյալ ամպային պահոցի ծառայություն մատուցող ընկերություն, չի կարող հասանելիություն ունենալ օգտագործողի տվյալներին: Օգտագործողը կարող է կիսել իր գաղտնագրված տվյալները գործընկերների հետ, կատարել որոնման գործողություն գաղտնագրված տվյլաներում և այս ծառայությունը չի մատուցում ոչ մի մրցակից»,- նշեց «SkyCryptor» նախագծի հեղինակ Արամ Ջիվանյանը:


«SoloLearn»-ի հեղինակ Դավիթ Քոչարյանի խոսքով իրենց նախագիծը մոբայլ խաղայնացված կրթական հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղերի սիրահարների, այնպես էլ որակյալ կրթություն փնտրող երիտասարդների համար: SoloLearn-ի դասընթացներն անվճար են և հասանելի են ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, կիրառվում է արդյունավետ և ներգրավող ուսումնական մեթոդաբանություն: 


Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի 41 ընկերություն և թիմ, որոնցից միայն 31-ն է գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմել է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: 


Ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ